четверг, 23 мая 2013 г.

միջոցառման սցենար Անկախության տոն


                         ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21  

1 _Մեր հայրենիք ազատ անկախ,
   Որ ապրում է դարեդար,
  Յուր որդիքը արդ կանչում է
  Ազատ, անկախ Հայաստան:
 
  Ահա, եղբա’յր, քեզ մի դրոշ,
  Որ իմ ձեռքով  գործեցի,
  Գիշերները ես քուն չեղա,
  Արտասուքով լվացի:
 
  Նայիր նրան  երեք գույնով
  Նվիրական մեր նշան ,
  Թող փողփողի թշնամու դեմ,
  Թող միշտ պանծա Հայաստան:

  Ամենայն տեղ մահը մի է,
  Մարդ մի անգամ պիտ մեռնի,
  Բայց երանի, որ յուր ազգի
  Ազատության կզոհվի:
 
2-Հեռու’, մոտիկ ընկերներին,-աշխարհներին, արևներին,-
    Հրանման հոգիներին:
    Բոլոր նրանց, ում որ հոգին  վառվում է վառ,-
    Բոլոր նրանց հոգիներին արևավառ,-
  Կյանքի, մահի այս ամենի աղջամուղջում
  Ողջակիզվող հոգիներին –ողջույն,ողջույն:
    
  3-Եղիր հպարտ, գոյությունդ քարշ տալու համար մի’ սողա, մի’ ստիր և մի’ ստորացիր: Եղիր ազատ: Եվ ոչ մի զիջում, հանցանք է զիջելը, զիջել նշանակում է թույլ լինել,պարտություն ընդունել:
        
 4-Հայրենասիրություն`մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա: Մադկային բարոյական հատկություննեըը իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ  պայմանը և անսպառ աղբյուրը  նրանց ուժի և մեծության:Նա այնքան է ջերմ մեր ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան ամբարիշտ են նրա հարևանները:Եթե այդպես չէ, ամենուրեք  այդպես պիտի լինի:                  

5 Որն է կյանքի օրենքը: Մեր մատղաշ արըունը վկա, մեր մտքի թռիչքն ու հոգեկան ուժը վկա, կյանքի օրենքը պայքարն է, այո~, պայքարը մեր չար բախտի դեմ: Ու հավատացեք մեզ, այն ցեղը, որ իր կյանքի ու արևի համար պայքարում է, պիտի գտնի իր մեջ այնքան ուժ, այնքան հղացում և իրատեսություն, որ կարենա չարը բարիի փոխել: 

6- Այսպես` մինչև որ հայ մարդը չկարողանա իրեն հաղթահարել, սպանել սարսափի անասունն իր մեջ, ներշնչվել նոր մտայնությամբ, հոգեփոխվել, կարճ ասած` մինչև որ չդառնա արի, արիանուն ժողովուրդ, անհնար է, որ նա կարողանա ոչ միայն քաղաքականապես ազատվել, այլև ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել:

7- երգ

8- 1990թ օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհրդի 1-ին նստաշրջանը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին:

9-1991 թ սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը` շուրջ  2 մլն 42 հազար մարդ “այո” ասաց անկախությանը: Կատարվեց հայ ժողովրդի երազանքը: 1991թ սեպտեմբերի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

  10/ա/ -  Մենք  գիտենք մարտնչել կյանքում,
 Մենք գիտենք հառաչել ու լալ,
Ծովի պես շառաչել գիտենք
Եվ կանչել առվի պես զուլալ,
Ամպի պես գիտենք որոտալ,
Սոսափել սոսու պես մի պերճ,
Հողմի պոս ոլորել գիտենք,
Հովի պես օրորել անվերջ…
Մենք գիտենք ամենից ահեղ
Հեղեղի հորձանքում լողալ,
Ցասման գոռ փոթորկից պայթել
Եվ սիրո քնքշանքից դողալ:

10բ-Մենք գիտենք հաց քամել հողից
Եվ բախտի լույս գտնել հանքում,
Եվ գիտենք, որ կյանքի համար
Մենք քեզ ենք պարտական կյանքում:
Քեզնով ենք այսքան զորացել,
Քեզնով ենք քնքշացել այսքան,
Քանի որ դու կաս աշխարհում
Մեզ համար նահանջներ չկան:
Եվ դու էլ մեզնով ես այդքան
Հպարտ ու զորավոր կյանքում:

10գ-Մաքուր են      շարքերդ հավետ
Եվ կուռ են, քանի որ կյանքում
Մենք քեզնով ներշնչվել գիտենք
Եվ գիտենք քեզ համար մեռնել,
Եվ անգամ վիրավոր ձեռքով
Հաղթության դրոշակ բռնել:

11-Էլ ով կարող է, ով կհանդգնի
Վայրի մոլուցքով դարձնել նորից
Ավերի երկիր, ցավերի երկիր,
Խավարի երկիր` Հայաստան:
Երբ իր փառապանծ մարտիկների հետ
Արև է տանում աշխարհներին,
Արևին թիկնած, արևից շիկնած,
Արևի երկիր Հայաստանս:

12-Արարատյան երկնքի տակ
Իր ոստանը սրբագործել,
Ամեն մի քարն իր երազի
Արևով է ոսկեզօծել,
Ի հեճուկս նրանց, ովքեր
Մեր Արարատն առան գերի,
Իր հանճարի բռնկումով
Կերտել է տունն իր երգերի,
Կերտել է նոր մի Արարատ
Երկինք մտած շենքերի մեջ,-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:

13-երգ /Զինվորի …/

14-Որտեղից սկսվեց այս ամենը?

15-1988 փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի սահմանադրության համապատասխան, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` ԼՂիմ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

16-Եվ սկսվեց Հայաստանում արցախահայության հետ համերաշխության մեծ ալիքը:

17-/Շեփորի ձայներ/

18-Երգ /Հայեր միացեք/

19-Եվ նորից կրկնվեց 1915 թվի ահավոր պատկերը:  նորից եղեռն, նախճիր, արյուն, զոհ, մանկան լաց ու գաղթականության հոսք: 1988թ փետրվարի 27-29 Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում
կազմակերպվեց հայերի բռնի տեղահանումը:

20-1988թ գարնանը հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Կիրովաբադից,
Բաքվից, Շամխորից, Խանզարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից:

21-Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին
Լիրբ գոռոզությամբ լցրած իր ոգին
Արդարության ձայնը հանած իր սրտից
Արտաքսել է մեզ մեր բուն երկրից,
Պանդուխտ հալածյալ եղբայրք, ուր դիմենք,
                Հիմի էլ լռենք?

22-Հազար տարիներ և մինչև այսօր
Մենք կոչ ենք արել մարդկության խղճին,
Բայց խիղճն է եղել քարի մի կտոր:
Եվ հոշոտվել ենք, այրվել ու մորթվել,
Բայց մեր հավիտյան նահատակության դեռ վախճան չկա…
…Օ~, դու խաչված ազգ, նահատակ աշխարհ,
Երկրպագության սեղան սրբազան,
Դու’ մեծ Պրոմեթեյ` շղթայված երկրին,
Քո սիրտը օվկիան այն արյունարբու,
Աշխարհաավեր թաթարն է կրծում
Հազար տարիներ, հազար տարիներ:

23-Ով հայ ժողովուրդ, ով դու դարավոր ազատամարտիկ
 Վսեմ արյան մեջ մկրտված զինվոր”,
 Ինչու ես ճնշում զայրույթդ անշեջ,
  Որ մրրկում է հոշոտված հոգիդ,-
 Հերի’ք համբերես…
… Մի անգամ մեռիր, քան հազար անգամ,
Կամ եղիր ազատ, հզոր, ինքնիշխան,    
Կամ ընկիր հպարտ, ձեռքովդ ավերակ    
Բռնապետության  բեկորների տակ:

     24-Եվ նորից զենքը ձեռքին ոտքի ելավ հայ ֆիդային` պաշտպանելու իր հող հայրենին, Արցախ աշխարհը, որը տնքում էր թուրքի ձեռքի տակ:

25-Մարդկության մեղքի քավության նոխազ,
Մարդկության ձեռքից բաժակը դառնության
Խմիր քաջաբար և մեռիր հպարտ`
Կատարելության մեծ շավղի վրա,
Որպես ռահվիրա,
Որ ազգերը գան ու քո վրայով ընթանան
Դեպի իդեալն անմահ:

26-Ես ձեզ ասում եմ, որ ժամն է հասել
Արդար զայրույթի, ազնիվ պայքարի,
Դրոշակը մեր գետին է  ընկել
Եվ ոտնակոխան է ամբարիշտ չարի.
Կամ պետք է մեռնել, կորչել հավիտյան,
Կամ էլ բարձրացնել դարձյալ հաղթական
Դրոշակը մեր վեհ իդեալների:

27-Այստեղ է երեկ կրկնվել նորից
Ազատամարտը նոր Ավարայրի,
Այստեղ դանակը հասավ ոսկորին,
Սակայն Մհերը դուրս չեկավ այրից.
Այստեղ էր, որ ոչ քաջ Վարդանը կար,
Ոչ էլ Եղիշե, կամ Ղևոնդ Երեց.
Մի բուռ հայ էր լոկ, մի փոքր Արցախ
Եվ մարդ, որ ինքը իրեն մարտ մղեց…
Այստեղ քարն ինքը ծնեց Մհերներ,
Ճարի հատնումը ստեղծեց նոր ճար,
Եվ ոսոխը չէ` Ալլահն էլ լիներ,
Այդ հրաշքի դեմ վախից կճչար:

28-Երգ /Գետաշեն/

29-Գրում է ժողովուրդն իր նամակում այսպես.
Մեր զավակներ, քաջեր, զորականներ ու ռազմիկներ,
Հայոց աշխարհն իր խոր սրտից այսօր հղում է ձեզ
Հազար ողջույն, հազար կարոտ և հազար սեր:
Այս թուղթը հայրենիքն է ուղարկում ռազմաճակատ,
Ձեզ երազող սրտերն են այս գրով ձեզ հետ խոսում:

29ա-Ընդունեցեք իբրև մայրական կաթ
Եվ զորացեք ինչպես մանուկ Մհերն օրորոցում:
Հայոց քաջեր,
Այս խոլ դառնագոռոչ թոհուբոհին,
Չոքած մարդկության լույսի խրամատներում,
Հիշեք ձեր թիկնագեղ նախնյաց ամպրոպաշունչ ուղին
Այն օրերից,
Երբ նոր էր Հայկը դեռ լարում իր լայնալիճ աղեղը:

29բ-Այս թուղթը կարդալիս հիշեք անմահ այն Մաշտոցին,
Որ լույս էր հավաքում երկրից երկիր թափառական,
Եվ իբր արճիճ հալեց իր սեփական հոգին
Եվ շիկացաճ երազի մեջ պայծառ երևացին
Հայոց գրերն ու ապագան:
Ապա հիշեք դուք այն դարերը մեր բազմաբեղուն,
Մեր մատյաններն ստվարածալ,
Դպրանոցները շեն,
Երբ որ թևում էր համարձակ մեր հանճարի մեղուն,
Երբ դարերի իմաստության գանձերն էին պեղում
Քաջախորհուրդ Եզնիկն ու Եղիշեն:

30-Եվ դուք, հայոց քաջեր,
Ականների պայթման մահասարսուռ պահին,
Կանգնած եղբայրության, սիրո խրամատներում,
Հիշեցեք ձեր մայր Հայաստանի լուսախորհուրդ ուղին
Այն վեհ առավոտից,
Երբ անկախությունը
Նոր էր դեռ լուսավորում
Մեր վիպական լեռները:
Նորոգվել է ժողովուրդը մեր,
Ինչպես երկրաշարժից հետո վերականգնված մի տուն,
Ինչպես մահվան քարից ի լույս վերածնված Մհեր,
Ինչպես վերադարձած պատմություն:

31-Հայոց քաջեր, մեր Սասնա տան սյուներ,
Հերոսության ու հանճարի այս մրցամարտերում
Հիշե’ք, որ մենք աղեղի պես լարված մկանների`
Ձեր վիպական կռվին ենք հետևում:
Կռվեք այնպե’ս, որ սաղավարտը Վարդանի գետնով չտաք,
Որ ամպ չառնի իր  ծեր գլխին Մասիսն` ամոթապարտ,
Որ ժողովուրդների դեմքին նայենք միշտ համարձակ
Եվ ձեզանով հպարտ:
Այնպես, որ ոչ այսօր, և ոչ գալիք հաշվեհարդարներին,
Ոչ մի բերան չհանդգնի մեր դեմ ծամածռվել:
Որ սրտի մեջ խոսի մինչև իսկ թշնամին.
“Ապրի’ր, գրողը քեզ տանի,
Որովհետև գիտես կռվել”: 

32-Եվ հաղթականորեն քայլում էր հայ զինվորը դժվարությամբ, արյան գնով: Մեկը մյուսի հետևից ազատագրվում էին թշնամու կողմից զավթված հայկական տարածքները:

33-1992թ մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները զորահրամանատար Արկադի Տեր-Թադևեսյանի հրամանատարությամբ ազատագրեցին հայոց հինավուրց քաղաք Շուշին:

34-Երգ/ քամիներ/

35-Արցախյան պայքարում զոհվեցին Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Յուրա Հովհաննիսյանը, Մուշեղ Մխոյանը, Աշոտ Ղուլյանը, Վլադիմիր Բալայանը, Մոնթե Մելքոնյանը, Արմեն Մելքումյանը, Տիգրան Սարգսյանը, Նահապետ Տոնոյանը, Վահագն Վարդևանյանը և շատ ուրիշներ, որոնք այսօր ննջում են անխռով:

36-1 րոպե լռությամբ հարգենք Ղարաբաղում զոհված բոլոր հայ մարտիկների հիշատակը:

37-Ով արծիվներ Հայաստանի,
Ձեր հուրը թող հավերժ լինի,
Հայրենիքի սիրո համար
Դարձաք ցասման ահեղ կայծակ,
Դուք կռվեցիք հերոսաբար
Ու ձեր մահով անմահացաք,
Ձեզ հազար փառք, հազար օրհնանք:

38-Անթիվ անհամար հերոսներ ընկան
Գալիքի համար, այս կյանքի համար:
Պահում ենք նրանց հիշատակը թանկ,
Նրանց անունը հպարտ է հնչում:
Ընկած սրտերին պատիվ ու հարգանք,
Նրանց անմահ գործերին ողջույն:

39-Եվ ահա հիմա երկրի անունից,
Կյանքի անունից
Կրկնում ենք, գոչում.
Փառք հերոսներին, փառք հավերժական
Փառք, փառք, փառք:

40-Մենք բյուր ենք այսօր, միլիոն ու ավել,
Միլիարդ պիտ դառնանք  աշխարհում համայն,
Մեզ ով կարող է բերել մահ, ավեր,
Ծաղկուն երկիրը դարձնել ամա…

40ա-Մենք ճաշակելով դառնություն ու մահ,
Պայծառ օրերը վաղվան ենք պահում,
Արդ, անվա’խ եղբայր, վերցրու հրացան,
Դո’ւ, ե’ս, նա’ պիտի երկիրը փրկենք,
Մեր հայրենիքը` հրով բռնված:

40բ-Ինչպես լեռներից հորդացող հեղեղ`
Այդ մենք ենք գալիս…
Բազուկով` հսկա, հոգով միշտ արի,
Ձեր մթի հանդեպ, որպես պայծառ բոց;
Ընդդեմ թշնամու` եզերքից եզերք
Զավակները քո` նրանք են գալիս…

41-եթե ուզեն` արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի…
Եթե ուզեն` արեգակներ կշպրտեն երկինքն ի վեր,
Եթե ուզեն` վար կբերեն երկինքներից արեգակներ,
Եթե ուզեն` կամքով արի ու աշխարհի հրով վառված
Ինչեր միայն չեն կատարի զինվորները մեր քաջարի:

42-Ահա’, սա է, կա երկիր Նաիրին,
Ոսկի ու արծաթ ու պուրպուր հագած,
Մեր երազների պայծառ հայելին,
Հավետ անաղարտ, Դրոշով պետական:

43-Սա է հավիտյան երկիր Նաիրին,
Կա’ ու կմնա որպես սեր ու սիրտ,
Հայացքը հառած գալիք դարերին,
Պատմության ծանր ծիրանին ուսին:

43ա-Երկիր Նաիրի, գարնան առավոտ,
Մարմին ստացած երա~զ դարավոր:

44-Պար

45-Իր սխրանքի դափնիներով
Եվ գանձերով իր հին ու նոր
Հավասարվում ամենքի հետ,
Ամենքի չափ հպարտանում,
Ջղագրգիռ այս մարդկության
Երազների հանգրվանում:
Շաղ է տալիս բերքն իր բարի
Անմահության հերկերի մեջ,
Իմ բարձրաբերձ Հայաստանը
Դեռ չգրված երգերի մեջ:

46-Երգ – շուրջպար

47- եկեք այնպե~ս ապրենք
Այս հողագնդի վրա,
Որ այն մեզնով հպարտանա
Այնպես, որ բնությունն էլ
Բարի աչքով նայի մեզ
Ու չլինի ո’չ հրաբուխ,
Ո’չ երկրաշարժ…

48-Այսօր արդեն 15 տարի է, որ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով: Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամամակ երփներանգ ծաղիկների գույնով ու բույրով: Իրականացավ մեծ զորավարներ Գարեգին Նժդեհի,
Դրաստամատ Կանայանի, Անդրանիկի, Ավոյի և շատ շատերի դարավոր երազանքը: Այսօր մենք ենք մեր հողի ու հայրենիքի տերը: Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը:

49- Հպարտ ենք այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով:

50-Արյունից ծորած երիզ մի կարմիր
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն արտերի շող նարնջագույն,
Եվ  վեց դարերի խավարի վրա
                        Դրոշ եռագույն:

51- Երգ /Կարմիր, կապույտ, նարնջագույն/

52-Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ,
Հայոց ավանդական ու հին հողում
Իր պետական շուքով ու վեհությամբ
Մեր պետական դրոշն է փողփողում:

52ա-Օծված է նա բախտի մեծ արևով,
Կանգնած է մեր տենչի լույս գագաթին,
Այնքան բարձր է, որ իր բոսոր թևով
Ասես քսվի պիտի Արարատին:

52բ-Ծփում է նա ու լույս ծփանքի տակ,
Իմ Հայաստան, հողդ է ծիածանվում,
Այդպես հպարտ, այդպես բարձր ու շիտակ
Քո դարավոր երազն է ծածանվում:

52գ-Զավակներդ մահով ասպետական
Մարտերի մեջ ընկան դար ու դարեր,
Երազեցին դրոշն այս Պետական,
Ինչպես երազում են կյանք ու արև:

52դ-Ծփում է նա բոսոր, մետաքսահյուս,
Ծփում է նա հպարտ, ասես թևում,
Իբրև կյանքի փարոս ու իբրև հույս
Ամբողջ հայությանն է նա երևում:

52ե- այստեղ, հենց սրտի մեջ իմ աշխարհի,
Այստեղ, նոր ոստանում իմ հայկական
Ծփում է նա շնչից բարձունքների
Ու ծփում է շնչից հավերժության:

53-Երգ /Չքնաղ իմ երկիր…/

54-Երդվում ենք քեզ մեր հայոց աշխարհ
Կուռ շարքերով առաջ գնալ
Եվ քո գործին միշտ արժանի
Փոխարինող սերունդ դառնալ:

Խումբ- Երվում ենք:

55- Երդվում ենք մենք այնպես ապրել,
Ինչպես մեր քաջ զորավարներն ապրեցին
Եվ ծառայել հայրենիքին
Ինչպես զորավարները մեր մեծ:

Խումբ- Երդվում ենք:

56-Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քեզ, որ լեռներում այս բարձրիկ ու լուրթ
Ապրել ես դարեր, դարեր մաքառել
Եվ քո կրակը միշտ վառ ես պահել…

56ա-Ցեղեր են եկել, արշավել ցեղեր,
Քո արդար ու հին արյունն են հեղել,
Ասպատակել են ու ջարդել են քեզ,
Դարեր ու դարեր աղարտել են քեզ:
Բայց դու Նարեկով ինքդ քեզ զտել,
Հասել ես հողմերին այս ահեղ դարի:

56բ-Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քեզ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ,
Քեզ, որ Դեր- Զօրի խորշակով կիզված,
Եվ այդպես ցրիվ, և այդպես կիսված,
Ապրեցիր նորից, նորից տևեցիր
Դեպի երազդ նորից տևեցիր,
Դեպի երազդ նորից թևեցիր:

56գ- Գիտեմ, այս դարի հողմերում վրդով
Դարերից բերած խորին խորհրդով
Քեզ նորից պիտի Նարեկով զորես,
Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես,
Ջրդեղես պիտի Չարենցյան հրով
Ու քո վաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով, սիրո տողերով,
Քո մաքուր գինով, քո արդար հացով,
Հարատևության քո առեղծվածով
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ,
Հավատում եմ քեզ, իմ հա’յ ժողովուրդ…

57-Երգ /Հուսո առագաստ/

 Երգեր –Մեր հայրենիք              Կարմիր, կապույտ, նարմջագույն
Չքնաղ իմ երկիր
Հայեր, միացեք
Հուսո առագաստ
Գետաշեն                            


1 комментарий:

  1. Did you know there's a 12 word phrase you can tell your partner... that will induce deep emotions of love and impulsive appeal to you deep within his chest?

    That's because deep inside these 12 words is a "secret signal" that triggers a man's instinct to love, idolize and care for you with his entire heart...

    ====> 12 Words Will Fuel A Man's Love Response

    This instinct is so hardwired into a man's brain that it will make him work better than ever before to take care of you.

    As a matter of fact, fueling this influential instinct is so mandatory to getting the best ever relationship with your man that the second you send your man a "Secret Signal"...

    ...You will immediately find him open his mind and heart for you in a way he's never experienced before and he will recognize you as the only woman in the galaxy who has ever truly tempted him.

    ОтветитьУдалить